Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցից հետո հայտնել է, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրի դռները կբացվեն վրաց հոգևորականների համար: Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծվի՝ հաշվի առնելով երկու երկրի ազգային շահերը, պատմական ժառանգությունն ու եկեղեցին:
Դեռ, իհարկե, պարզ չէ՝ ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանա՞ն այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ, սակայն, խնդիրը նախկին սրությամբ չի արծարծվում նաև երկու երկրների ԶԼՄ-ներում:
Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պատճառը Բաքվի գործողություններն են: Ադրբեջանը նոր սահմանային կետ է բացել Դավիթ Գարեջիի տարածքում, ինչն առաջացրել է վրացական կողմի վրդովմունքը: