Արցախի նախագահը Ստեփանակերտում ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովի բացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց բանակցություններին նրա մասնակցության:
«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում»,- հայտարարել է Արցախի ղեկավարը:
Բակո Սահակյանը վերահաստատել է, որ Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով»,- նշել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախի համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: