Կիևի «Kyiv Food Market»-ում կայացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ասուլիս-մարաթոնը, որը տևել է 14 ժամ: Դա Ուկրաինայի նախագահի առաջին պաշտոնական ասուլիսն էր, որն իր տևողությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Զելենսկու հետ հանդիպմանը ներկա է եղել մոտ 400 լրագրող: Հիմնական հարցերը վերաբերել են Դոնբասի և Ղրիմի կարգավիճակներին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումներին:
Զելենսկին հայտնել է, որ դեմ է Կիևի ենթակայությունից դուրս գտնվող Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ինքնավարությանը: Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ Դոնբասի շփման գծում զորքերին պետք է փոխարինեն ոստիկանությունն ու ԵԱՀԿ աշխատակիցները, որոնք «կլինեն սահմանին և կօգնեն մեր սահմանապահներին»: Նա նաև նշել է, որ խաղաղապահ զորախումբ պետք է տեղակայվի ռուս-ուկրաինական սահմանին, միաժամանակ վստահեցրել է, որ պատրաստ է քննարկել որոշ մարդասիրական հարցեր, հավատում է, որ նույնիսկ այսօր է հակամարտության կարգավորման հնարավորությունն առկա:
Ղրիմի հարցում Ուկրաինայի նախագահը լավատեսություն չի ցուցաբերել: Նրա կարծիքով՝ այն շատ բարդ խնդիր է, և «Շտայնմայերի բանաձևն» այստեղ չի գործի: Ղրիմի վերադարձը Ուկրաինա, ըստ Զելենսկու, հնարավոր կլինի դիվանագիտական գործոնների համադրման և երկրում «ավելի հզոր բանակ» ունենալու դեպքում: