Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ հոկտեմբերի 9-ին, այցելել է Բաքու: Վարչապետի պաշտոնում սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Գախարիան վստահեցրել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել եղբայրաբար, բարեկամաբար: Գախարիան պատահական չի համարել իր առաջին արտասահմանյան այցը Ադրբեջան, քանի որ դա մեկ անգամ ևս վկայում է, որ երկու երկրների հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: «Վրաստանն ու Ադրբեջանը ամենամտերիմ բարեկամներ ու գործընկերներ են: Մեր գործընկերությունը դուրս է եկել տարածաշրջանային նշանակության շրջանակներից և դարձել է միջազգային մակարդակի թեմա, հատկապես տնտեսական հարաբերություններում, էներգետիկ տարանցման, տրանսպորտի և առևտրի ոլորտներում: Վրաստանը և Ադրբեջանը սերտորեն աջակցում են միմյանց միջազգային ձևաչափերով: Եվ սա սկզբունքորեն կարևոր է»,- ասել է Գիորգի Գախարիան և շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: