Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է WCIT 2019 մասնակից, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին: Վարչապետը ողջունել է Ալեքսիս Օհանյանին Հայաստանում և կարևորել նրա մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին:
«Մենք հպարտանում ենք աշխարհի տարբեր երկրներում հաջող գործունեությամբ աչքի ընկնող մեր հայրենակիցների ձեռքբերումներով, ովքեր միջազգային ասպարեզում ճանաչելի են դարձնում մեր հայրենիքը: Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ այստեղ և քննարկել համատեղ ծրագրերի, Հայաստանի զարգացման փոխշահավետ նախագծերի հնարավորությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ալեքսիս Օհանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականների համար՝ նշելով, որ ուրախ է նորից այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է համաշխարհային մասշտաբի այսպիսի կարևոր տեխնոլոգիական միջոցառում: «Հայաստանը մարդկային տաղանդի մեծ ներուժ ունի, զարգանալու և բարգավաճելու բազմաթիվ հնարավորություններ և մաս կազմելու համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի»,- իր խոսքում ասել է Ալեքսիս Օհանյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որԿառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակադրելով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ ծրագրերը մեր երկրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: