Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։
Նախարարը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և ընդգրկուն համագործակցությունը և նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թևակոխելու պայմաններում Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն առավել հեռանկարային դրսևորումներ են ստանում։
Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական և նախագծման աշխատանքների իրականացմանը։
Ընդգծելով Կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։
Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ Կառավարության հանձնառությունը և հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։
Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։