Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Թուրքիայի խորհրդարանի կողմից Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը 1 տարով երկարաձգելու փաստին և գրել է, որ «Արդարություն և զարգացում», Ժողովրդադեմոկրատական, Ազգային-ժողովրդավարական և «Լավ» կուսակցությունները պատասխանատու են Սիրիայի հյուսիսում սպասվող աղետի համար:
«Սա պատերազմական շարժում սկսելու հաստատումն էր, որ անցավ խորհրդարանով: Ժողովուրդը չի ուզում պատերազմ, և մենք մինչև վերջ պայքարելու ենք խաղաղության համար»,- գրել է Փայլանը՝ գրառումն ուղեկցելով «Ո՛չ պատերազմին» հեշթեգով:
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը:
Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ, ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են մնալ վտանգի տակ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան իր ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Նշվել է նաև, որ նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների մանդատի ժամկետը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 30-ից: