Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին. այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ:
«Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ես ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է, Հայաստանը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ «Ապրել խելացի», Արմեն Սարգսյանը նշել է, որ 21-րդ դարում խելացի ապրելը ոչ միայն թվային արվեստի համակցումն է, այլև ամեն ինչ համակցելը:
«Խելացի ապրելը շատ ավելի լայն հասկացություն է: Ես քաջալերում եմ երիտասարդ սերնդին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, ում վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, ով իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»,- հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ որպես պետություն և ազգ խելացի ապրելը բոլորի ուժերի համադրումն է՝ երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում:
«Կարծում եմ՝ իսկական ապագան գործընկերությունն է տարբեր սերունդների միջև, հատկապես նրանց, ովքեր մտածում, ապրում, գործում են ինչպես երիտասարդ: Ողջ ազգին քաջալերում եմ մասնակից լինել այս գործընթացին: Երբ խոսվում է կրթության մասին, միշտ ասվում է՝ նախ՝ պետք է ուսուցիչ, ով պետք է դասավանդի: Չես կարող ունենալ միայն դպրոց աշակերտներով, պետք է ունենաս ուսուցիչներ: Այդ դպրոցները նրանք են, որոնք համայնքի պես են ապրում, իրար հասկանում են: Եթե դա չես հասկանում, ապա չես կարող հաջորդ սերնդին սովորեցնել, քանի որ մի քիչ տարբեր են քեզնից»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց: