«Թուրքական զորքը հատել է Սիրիայի հյուսիս-արևելյան սահմանը՝ ստիպելով ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քուրդ մարտիկներին հեռանալ սահմանից», - հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Վերջինս նշել է, որ «շարունակվում է զորքերը սահման տեղափոխելու և գործողություններին նախապատրաստվելու գործընթացը», իսկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեռևս հոկտեմբերի 1-ին էր հայտարարել, որ Անկարան մտադիր է ինքնուրույն ստեղծել անվտանգության գոտի՝ Սիրիայի Եփրատ գետից արևելք ընկած հատվածում:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն միջամտում ռազմական գործողություններին, բայց հանդես են եկել զգուշացումներով: Նախագահ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները չի լքի քրդերին, և եթե Թուրքիան չափազանց մեծ ուժ օգտագործի՝ նրան լուրջ հետևանքներ են սպասվում: Կրեմլն էլ իր հերթին է նախազգուշացրել, որ իր գործողությունները կարող են վնաս հասցնել սիրիական հակամարտության կարգավորմանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիան կհարգի Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականությունը: