«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ, սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամեդ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ: «Ermenihaber»-ի փոխանցմամբ՝ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով և արդեն իսկ հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ:
Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները 120 տարվա պատմություն ունեն: Նրա փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե՛ պատմական, թե՛ մշակութային արժեքը: Իսկ որ այդ ամենը հետաքրքրում են նաև զբոսաշրջիկներին՝ վկայում է այն փաստը, որ միայն 2018-ին Անի է այցելել շուրջ 95.000 զբոսաշրջիկ:
Հիշեցնենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Նշենք նաև, որ Անիի ավերակները 2016թ․ հուլիսի 15-ին ընդգրկվել են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։