Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտի ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին:
Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նախարար Պապիկյանն առաջարկել է ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բանակցություններ վարել արտասահմանյան կազմակերպությունների հետ, հասկանալ նրանց՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ ունեցած հետաքրքրությունների շրջանակը, համագործակցության հնարավորությունները:
«Թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախատեսվող առողջացման միջոցառումներն իրականացնելիս անհրաժեշտ է որպես ելակետ չընդունել առկա իրողությունները և ներկայացնել հավակնոտ գաղափարներ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ տրանսպորտի ոլորտի զարգացմանը միտված ռազմավարության մշակման և իրականացման քայլերը շարունակական են լինելու և վերջնարդյունքում հանգեցնելու են ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծմանը: