Travelinsight.ai գործիքն առաջին անգամ ներկայացվել է տեղական զբոսաշրջային օպերատորներին` վեր հանելու վերջիններիս կարիքները և գործիքը ծառայեցնելու ծառայություններն ու ծրագրերը լավացնելու ուղղությամբ: Հանդիպում-քննարկումներ են նախատեսվում նաև հյուրանոցային, ռեստորանային ոլորտի, ինչպես նաև թանգարանների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են զբոսաշրջության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ամիսներ առաջ ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ ձեռնամուխ եղավ Travelinsights.ai գործիքի մշակմանը, որի նպատակն է փաստերի հավաքագրման վրա հիմնված քաղաքականության մշակում: Արհեստական բանականության մոդելի վրա մշակված այս գործիքը հավաքագրում է TripAdvisor, Booking.com (շուտով նաև` Facebook) կայքերում ներառված Հայաստան այցելած զբոսաշրջիկների կարծիքները իրական ժամանակում: Ստացված տվյալները վերլուծելով ու վիզուալիզացնելով` գործիքը վերհանում է զբոսաշրջիկների նախընտրություններն ու խնդիրները: Ոլորտի մասնագետների կողմից ստացված տվյալները ենթարկելով առավել խորքային վերլուծության` լայն հնարավորություն են ստեղծվում առավել նպատակային ծրագրեր իրականացնելու համար` ի նպաստ ոլորտի զարգացման:
Գործիքն ի սկզբանե մշակվել էր զբոսաշրջության կոմիտեի կարիքները հաշվի առնելով, բայց այն նպատակ ունի հասանելի դառնալու լայն հանրությանը` ընդգրկելով նաև ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին: