Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
ՊՆ-ից քննարկմանը մասնակցել են նախարարության և ԶՈՒ-ի գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, ինչպես նաև իրավաբանական, ռազմաբժշկական, զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վեր հանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:
Քննարկվել են խնդիրների լուծման կոնկրետ ուղիներ, ինչպես նաև հստակեցվել են պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի ստորաբաժանումների հետ հետագա համագործակցության ուղղությունները:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար նման քննարկումներն ունեն կարևոր նշանակություն և նպաստում են արագ լուծումներ գտնելուն։