Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրել են, որ քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է:
Ըստ մշտադիտարկման արդյունքների, պահման պայմանները խիստ անբավարար են, պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն, և բացակայում են դռները, առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ: Արձանագրվել են նաև հետևյալ խնդիրները.
-
տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,
-
չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
-
առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է, արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին, առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),
-
անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
-
բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
Փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ՄԻՊ-ը ներկայացրել է արդարադատության նախարարություն և քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: