Հայաստանում և Արցախում մասշտաբային զորավարժությունների ընթացքում սպառազինությունների նոր և արդիականացված տեսակներ են փորձարկվել: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Գեներալը նշեց, որ հակատանկային սպառազինությունը, խոցման հեռահարությունը մեծացվել են երկու անգամ: Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ լավ արդյունքներ են գրանցվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մասնավորապես, «Սմերչի» կիրառմամբ: Սպառազինություն գնելու գործընթացը ևս շարունակվում է:
Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն: Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին՝ Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է: Նա նշեց, որ կորուստների վերաբերյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են:
«2019 թ. ծառայության հետ կապված ունեցել ենք 17 զինծառայողի մահ՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ, դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց Արտակ Դավթյանը: