Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, 2009-2019 թթ. ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց՝ որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում՝ իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: