«2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ համարել իմ ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում: Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական և քաղաքական շրջանակների, Սփյուռքի ազգային գործիչների հետ անցկացրած քննարկումները ցույց են տվել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին որոշում կայացնելու համար։ Քանի որ արդեն իսկ առկա նախադրյալները երաշխավորում են 2020 թվականի ընտրությունների հաջող անցկացումը և վստահություն են ներշնչում Արցախի զարգացման ամենատարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, ես որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը։ Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: