ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։
Տիկին Մուրտին պատմել է իր գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։ Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարևորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։
«Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարևոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։
Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց՝ փոխելու իրենց կենսակերպը, ձեռք բերել արժանապատիվ մասնագիտություն և աշխատանք։
Աննա Հակոբյանն էլ պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի առաքելության մասին։