Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրել է, որ շաբաթվա վերջին ԵՄ-ն կորոշի՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության հասնել Brexit-ի գործարքի հարցով:
Լոնդոնը նոր առաջարկություն է արել Բրյուսելին, ըստ որի՝ անցումային շրջանի ավարտից հետո, անորոշ ժամանակով, Հյուսիսային Իռլանդիան կմնա ԵՄ միասնական շուկայի և մաքսային միության բաղկացուցիչ մասը, քանի դեռ Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության չեն եկել Brexit-ից հետո կղզու սահմանների հարցում: Երկու կողմերն էլ փորձում են նոր համաձայնագրով ներկայանալ հոկտեմբերի 17-ին և 18-ին կայանալիք՝ եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին:
Ընդդիմությունը վարչապետ Ջոնսոնից պահանջում է համաձայնության չգալու դեպքում ԵՄ-ից եռամսյա հետաձգում խնդրել: Այնուամենայնիվ, Ջոնսոնը զգուշացրել է ԵՄ ղեկավարներին, որ զիջումների չգնալու դեպքում Մեծ Բրիտանիան կառույցը կլքի առանց գործարքի: