Վարչապետը հանդիպել է WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, Infosys կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: Infosys ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:
Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
Infosys կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարևորագույն միջոցառումը և քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:
Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին: