Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons):
Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ նշանավոր անձանց խմբի նախագահ։
Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Նշանավոր անձանց խմբի մասնակիցները, որոնք պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ են, հրավիրվում են անձամբ UNCTAD-ի գլխավոր քարտուղարի կողմից։
«Հայաստանը որպես խմբի մաս տեսնելը շատ կարևոր է ինձ համար, քանի որ հիանալի հիշողություններ ունեմ Հայաստանից, որը միշտ կլինի իմ սրտում։ Կարծում եմ՝ Ձեր երկիրը կարևոր դերակատար է ՏՏ ոլորտում, օրինակ՝ ԹՈՒՄՈ կենտրոնը, որի կրթական համակարգն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ: Այն հատուկ ուշադրությունը, որ Հայաստանը դարձնում է կրթությանը, երիտասարդներին աջակցում է նոր տեխնոլոգիաների կիրառման հարցում, շատ նորարարական մոտեցում է, ինչը նշանակալի փաստ է»,- նշել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը նույնպես նշանավոր անձանց խմբի անդամ է: