Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին կայանում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.
«Մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչեւ 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։ Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչև մագիստրատուրա և ասպիրանտուրա և ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել և մեր բոլորի՝ սկսած վարչապետից, ավարտած՝ համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը»։