WCIT համաշխարհային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի ասուլիսը: Իվոն Չուն հայտարարել է, որ մի քանի տարի առաջ նույնիսկ Հայաստանի մասին չգիտեր, բայց հիմա հպարտ է, որ ոչ միայն շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, այլև հենց այստեղ է անցկացվում 2019-ի ՏՏ համաշխարհային համաժողովը: Տիգրան Ավինյանն իր հերթին հայտարարել է, որ համաժողովը մեր երկրի համար շատ կարևոր է կապեր հաստատելու առումով, և որ համաժողովին մասնակցելու եկած համաշխարհային դեմքերը գուցե Հայաստանում գտնեն իրենց հետաքրքրող ներդրումային դաշտ: Հայաստանի Կառավարությունն իր հերթին դասերը լավ է սերտում, ասել է փոխվարչապետը՝ հավելելով. «Դպրոցների 50 տոկոսում ունենալու ենք ինժեներական լաբորատորիաներ, վերջին նիստի ժամանակ Կառավարությունն 984 մլն դրամ է ուղղել IT ոլորտի զարգացմանը, Հայաստանն աշխատում է տեխնոհաբ դառնալու ուղղությամբ»: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցում է Youtube-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում չունենք տեղայնացում»,- ասել է Ավինյանը: Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործում, ըստ նրա, մեծ դեր է խաղացել նաև անցյալ տարվա հեղափոխությունը, որից հետո Հայաստանում ստեղծվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: