Իսրայելում 5000-ամյա հնության քաղաքի ավերակներ են հայտնաբերվել. այն ամենամեծն ու հնագույնն է, որ երբևէ հայտնաբերվել է տարածաշրջանում:
Քաղաքում, որը 6000 բնակիչ է ունեցել, հստակ գծված փողոցներ են եղել, ինչպես նաև՝ համայնքներ, կրոնական տաճար և այլ կառույցներ: Քաղաքի տակ էլ առավել հին՝ 7000-ամյա կառույց է հայտնաբերվել:
Իսրայելցի հնագետները նշել են, որ հայտնագործությունը տվյալ ժամանակաշրջանից ամենանշանակալիցն է տարածաշրջանի համար:
«Սա մեր տարածաշրջանի վաղ բրոնզեդարյան Նյու Յորքն է. մեծ և նախագծված քաղաք, որտեղ հազարավոր բնակիչներ են ապրել»,- ասվում է պեղումների ղեկավարների հայտարարության մեջ:
Հայտնի է, որ քաղաքը 161 ակր տարածք է զբաղեցրել, որը կրկնակին է նախկինում հայտնաբերված տարածքների համեմատ:
Հնագետներն այս տարածքում պեղումներ են իրականացրել մոտ 3 տարի: Հետազոտական աշխատանքներին 5000 կամավոր է մասնակցել: