Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի միջամտի և չի աջակցի Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի դեմ՝ Թուրքիայի գործողություններին: Հայտարարությունն արվել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո:
Վերջին ամիսներին նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական նոր գործողություն իրականացնել Սիրիայում: Նպատակն է սահմանից հեռացնել քուրդ զինյալներին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Մինչդեռ քրդական «YPG» խմբավորումը, որը հարյուրավոր մարտիկներ ունի Սիրիայում, առաջատար դերակատարում ուներ «ԴԱԻՇ»-ի դեմ պայքարում և մինչև վերջերս էլ ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունն էր ստանում: Հունվարին նախագահ Թրամփը նույնիսկ սպառնաց «տնտեսապես ավերել Թուրքիան», եթե Անկարան հարձակվի քրդական ուժերի վրա՝ Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելուց հետո: