Թուրքիայի կողմից Սիրիայում հյուսիսում՝ Եփրատի արևելք ընկած սահմանային գոտում, իրականացվելիք ռազմական գործողությունների ֆոնին Եվրամիությունն Անկարային կոչ է արել զերծ մնալ ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց: Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձած ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչն ասել է. «Եվրամիությունը, հասկանալով հանդերձ Թուրքիայի օրինական անվտանգային մտահոգությունները, հայտարարում է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ռազմակայն, այլ քաղաքական ճանապարհով»:
Ըստ ԵՄ-ի պաշտոնյայի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում բռնկվելիք ռազմական գործողությունները վնաս կհասցնեն ոչ միայն տեղի խաղաղ բնակչությանը, այլև ԵՄ-ի աջակցությամբ այնտեղ իրակացվող քաղաքացիական նախաձեռնություններին: «Մենք Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրներին, որոնց թվում է նաև Թուրքիան, ևս մեկ անգամ կոչ ենք անում բախումները դադարեցնելու ուղղությամբ ավելի շատ նախաձեռնություններ ցուցաբերել, ավելացնել աշխատանքները քաղաքացիական բնակչության անվտանգության և հումանիտար օգնության մուտքի հասանելիության ապահովման համար»,- ասել է Կոսիյանչիչը:
Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին, թե ռազմական գործողություններից հետո սիրիացի փախստականները պետք է բնակեցվեն այդ տարածքներում, ասել է. «Մենք կարծում ենք, որ առանց Սիրիայում քաղաքական լուծում ապահովելու անհնար է փախստականներին հետ ուղարկելու համար պայմաններ ստեղծել»: Վերջում Կոսիյանչիչը տեղեկացրել է, որ Սիրիայի խնդիրը քննարկվելու է նաև հաջորդ շաբաթ տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: