ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մրցակից դեմոկրատների պայքարը թեժանում է. այլևս փոխադարձաբար են հնչում պաշտոնանկության կոչեր:
Այս անգամ էլ, օրինակ, նախագահ Թրա՛մփն է դավաճանության համար մեղադրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ պահանջելով վերջինիս պաշտոնանկությունը: Ընդ որում, պատճառը դարձյալ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցն է, որի ժամանակ, իբր, նախագահը կոչ է արել հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ և Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ: Ըստ Թրամփի՝ Փելոսին տեղյակ է եղել, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ադամ Շիֆը խեղաթյուրել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակությունը՝ տարածելով կեղծ լուրեր: