Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019), կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հաջողված է համարում համաժողովի առաջին օրը: «Թե՛ երկիր ժամանած մարդկանցից, թե՛ հյուրերից, թե՛ մասնակիցներից լսում եմ, որ շատ մեծ ոգևորություն կա, և բոլորն առնվազն մոտենում և ասում են, որ գալիս էին, սպասում էին, որ համաժողովը պետք է լավը լինի, բայց երբեք չէին պատկերացնում, որ հնարավոր է՝ նման համաժողով լինի: Անձամբ իմ տպավորությունը շատ դրական է: Ինձ թվում է, որ մեզ հաջողվել է անել այն, ինչ փորձում էինք ստանալ»,- ասաց Եսայանը:
«WCIT-2019» կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ միջոցառման մշակութային բացման արարողությունն ու պանելային քննարկումները տպավորել են հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքին:
«Բացմանը նշվեց, որ նման բան իրենք իրենց 40 տարվա պատմության մեջ չեն ունեցել, ինչը շատ ոգևորիչ էր մեզ համար: Գիտեք, թե ինչ երկրներում է անցկացվել WCIT-ը, և մարդիկ հիացած են հենց մեր բացման արարողությունից: Ինչ վերաբերում է քննարկումներին, նույնպես շատ դրական արձագանքներ ենք ստանում»,- նշեց նա:
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին ևս համաժողովի շրջանակներում հետաքրքիր քննարկումներ են սպասվում. «Վաղը նույնպես շատ հետաքրքիր օր է լինելու՝ շատ մասնակիցներով: Վաղը նաև Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա: Ունենք բավական հետաքրքիր քննարկումներ ֆինանսական սեկտորի հետ: Ես ստանում եմ նաև մեր տեղական ընկերություններից դրական արձագանքներ այն առումով, որ նրանք հանդիպել են դրսից ժամանած ընկերությունների ղեկավարների հետ, ունեցել շատ արդյունավետ քննարկումներ»,- ասաց Ալեքսանդր Եսայանը:
«WCIT-201» կազմակերպչական կոմիտեի նախագահը նշեց, որ համաժողովի արդյունքները վերջնական կամփոփեն դրա ավարտից հետո: