Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացիներ ներգրավվել են օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Միջոցառումների արդյունքում պարզվել է ներգրավված անձանց ինքնությունը։ Ինտերպոլի հետ գործակցության արդյունքում էլ հայտնի է դարձել, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել տվյալ երկիր, որտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա երիկամը։ Քրեական գործի շրջանակում տվյալ անձը ցուցմունք է տվել և խոստովանել, որ երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ, նրա կազմակերպմամբ՝ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու: Ըստ ցուցմունքի՝ օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև՝ միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքից կախվածության հետևանքով առաջացած իրավիճակից խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ քաղաքացուն վիրահատել են՝ երիկամը վերցնելով: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հիշյալ հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունը պարզվել է: