Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։
«Մեր երկրի համար WCIT-ի նման կարևոր առիթը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները: Ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նկատել է, որ ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ կարևոր նրբերանգ կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, այսինքն՝ այսօր հնարավոր չէ ունենալ զարգացած տեխնոլոգիաներ առանձին վերցրած մեկ երկրում, և մենք պետք է ստեղծենք միջազգային համագործակցության դաշտ։
«Ես պատրաստ եմ քննարկել ձեզ հետ օրակարգային հարցեր, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Անշուշտ, բազմաթիվ երկրների հետ մենք ունենք սերտ կապեր այս ոլորտում, և ես կցանկանայի օգտագործել պատեհությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այդպիսի երկրների հետ, ինչպես նաև նախաձեռնելու գործարար կապեր այն երկրների հետ, որոնց հետ դեռևս չունենք ակտիվ շփումներ։ Կրկին շնորհակալ եմ։ Մեզ համար մեծ պատիվ և հաճույք է ձեզ այստեղ հյուրընկալելը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման և այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: