Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն քննչական բաժնում քննություն է տարվում՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թ. սեպտեմբերի 29-ին 33 տարեկան մայրը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 24-ին ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության հանրապետական ինստիտուտ», որտեղ տղա է ունեցել, և նույն օրը պտուղը մահացել է: ՔԿ-ից հայտնում են, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա էին Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ և ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, ընդունվել է վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Հարցումներ են ուղարկվել հիվանդանոցի տնօրենին և առողջապահության նախարարություն, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը: