Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ Երևանում օրերս տեղի է ունեցել դրա շնորհանդեսը, որին մասնակցել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Հայաստանում:
«Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև ոչ մեծ, բայց մի հատվածն է: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, տնտեսական փորձը, և միջազգային հարթակները հենց նրա համար են, որ երկրները փոխանակեն փորձն ու փորձեն չանել այն սխալները, որոնք արել են ուրիշները»,- ասել է Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ քաղաքականության իրականացման տեսանկյունից իրենք հավասարը հավասարի հետ են խոսում: