Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունն Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում է։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: Վարչապետը ծանոթացել է նաև բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։ Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ և բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։ Էդուարդո Էռնեկյանն ասել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։ ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։
Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և քաղաքի զարգացման ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը նաև զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում և զրուցել բնակիչների հետ։