ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկա է եղել «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն և «Վորլդ Վիժն Հայաստանի» Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի օրհնությամբ, ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ։
«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը շեշտել է, որ տոնական հոբելյանը լավ առիթ է նաև միասին մտորելու երեխաների պաշտպանության և երեխաների կյանքի բարելավման մասին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ, կարևորելով «Վորլդ Վիժնի» կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ներկայացրել է կազմակերպության արդյունավետ և շարունակական համագործակցությունը իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հետ՝ հավելելով, որ երազում է այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, «Վորլդ Վիժնի», բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ լիահույս է, որ այդ ժամանակը շուտ է գալու։