«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսությանը հրավիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցների այն տնօրենները, ուսուցիչները և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակները, որոնք արժանացել են նախարարության պարգևների: Ընդհանուր առմամբ՝ պարգևատրվել են 77 տնօրեն, ուսուցիչ և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ:
Պարգևներ ստացողների թվում են եղել՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հաջողության պատմություններ» նախագծի մասնակից ուսուցիչները, որոնք հանրայնացրել են մանկավարժության հաջողված փորձը՝ իրենց մշակած կամ փորձարկած մեթոդները կիսելով մասնագիտական և հանրային շրջանակների հետ: Պարգևների են արժանացել նաև ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության «Ուսուցիչ» հաղորդաշարի մասնակիցները :
ՀՀ ՊՆ պարգևներ են շնորհվել զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն ժամկետային զինծառայողների ուսուցիչներին:
Բոլոր 77 մասնակիցները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: