ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը
լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու:
Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր
առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել
դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա հետևից, հավատալ ու հաղթել:
Վստահ եմ, որ սերունդներ կրթելու պատասխանատու գործը դուք կատարում եք առանձնակի սիրով ու նվիրումով: Գիտելիքները, որ տալիս եք ձեր սաներին, նրանցից յուրաքանչյուրի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման հիմնաքարն է:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր կարևոր աշխատանքում»: