Նախագահ Արմեն Սարգսյանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ»,- նշված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը հիշել է իր ուսուցիչներից մեկի խոսքը, որը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, որի մեջ դեռ չի մահացել աշակերտը։
«Վստահ եմ՝ շատերդ եք սիրում այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր համարում՝ մեզ պարզապես ակնարկելով, որ սովորել անհրաժեշտ է լինելու ոչ միայն դպրոցական տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում»,- նկատել է Արմեն Սարգսյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը հավելել է, որ ամբողջ կյանքում մենք շարունակում ենք սովորել, քանի որ ապրում ենք, որովհետև հենց դադարենք սովորել, կդադարենք ապրել։