Հայ Առաքելական Եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը:
Բացի 12 առաքյալներից, Հիսուսն ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար:
Հիսուս Քրիստոս իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16): Առաքյալների և աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան, նրանք ունեն նույն իշխանությունը և առաքելությունը (Ղուկաս 10:9, 9:1):