Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրումը։ 1lurer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերի սահմանային միջադեպերին, հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ ԱԳՆ-ն մշտական համակարգման մեջ է ՊՆ-ի հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Աննա Նաղդալյանի խոսքով՝ ԱԳՆ-ն առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է: