Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։
Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ Նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին։ Արարողությանը ներկա են եղել նաև զոհված օդաչուների ընտանիքի անդամները։
«1988-ի աղետալի երկրաշարժը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար, ու մենք կրկնակի ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ մեզ օգնության եկած օդաչուներն աղետի են ենթարկվել։ Զոհված օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է, և Հայաստանում՝ ինքնաթիռի կործանման վայրում, նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան, որը դարձել է հայ և սերբ ժողովուրդների բարեկամության ինքնատիպ վկայություն»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրին և սերբական Նովի Սադը քույր քաղաքներ հռչակելու մասին: