WCIT համաշխարհային նվագախմբի աշխարհի 14 երկրներից ժամանած հրավիրյալ երաժիշտները ծանոթացել են հայկական մշակութային ժառանգությանը, այցելել պատմամշակութային վայրեր:
Նվագախումբը եղել է Գառնու տաճարում և Գեղարդի վանքում, այնուհետև նաև` Մատենադարանում: Օտարազգի 75 հյուրերին ներկայացվել է Մատենադարանի հիմնական ցուցասրահը՝ մշտական ցուցադրության հին ձեռագրերը, հայ պատմիչների գործերը:
«Հայաստան մյուս այցն իրեն երկար սպասել չի տա և անպայման կկրի զբոսաշրջային բնույթ, քանի որ բազմադարյա մշակույթի հետ ծանոթությունը պարզապես անհնար է առավոտից երեկո անցկացվող ակտիվ փորձերի մեջ: Այսպիսով, միջմշակութային երկխոսությունը խթանող նախագիծը նպաստում է նաև զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը»,- նշել են երաժիշտները:
WCIT համաշխարհային նվագախումբը բաղկացած է 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից, հրավիրյալ երաժիշտները ներկայացնում են Կանադան, Նիդեռլանդները, Մալայզիան, ԱՄՆ-ն, Հունաստանը, Թայվանը, Իսպանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Դանիան, Մեքսիկան, Բրազիլիան, Ավստրալիան, Հնդկաստանը:
Վաղը՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում նվագախմբի առաջ ելույթով կազդարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մեկնարկը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: