Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։
Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը՝ պայմանավորված համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։