Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:
«Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, ինչը նաև շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում: Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, և ինչ հետևություններ են բխում այս ամենից»,- հայտարարել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ, որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու:
Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր: