Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում, վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։
«Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը ազդարարել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Սերբիա:
«Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը»,- հավելել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի պաշտոնական այցով Սերբիայի նախագահին հյուրընկալելու Հայաստանում: