Արցախի թեման Ստրասբուրգում այսօր շարունակել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել, հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում:
Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովի և Սևինժ Ֆաթալիևայի հնչեցրած մեղադրանքներին՝ Մելքումյանը նկատել է, որ Ռաֆիկ Հուսեյնովը և տիկին Ֆաթալիևան սադրիչ ելույթներ են ունենում:
«Ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախևառաջ Հայաստանի կառավարությունը և բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել»,- հայտարարել է Մելքումյանը:
ԱԺ պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ տեղադրել:
Մելքումյանն իր ելույթում նաև հիշեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին ռազմատենչ հայտարարությունները: