ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածքում, հետևել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին:
Դավիթ Անանյանը նշել է, որ թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, բայց շինարարության տեմպերը գոհացուցիչ չեն: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի շարք փոփոխություններ են կատարվել, ավելացել է նաև նախատեսված աշխատանքների ծավալը: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ Գյումրիի ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը շինարարական թերացումները արագ շտկելու խիստ հանձնարարական է տվել: Գործընթացը սահմանված ժամկետում ավարտին հասցնելու նպատակով աշխատանքները կիրականացվեն շուրջօրյա գրաֆիկով: