Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Լիտվայի հետ հարաբերությունները, նշել, որ վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին:
«Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, որի հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո: Միևնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը: