Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնին: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս այցն ավելի կամրապնդի պարոն Փելոնի կապը հայ ժողովրդի հետ: Նա բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում: Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին, վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի մեր երկրի և ԱՄՆ խոշորագույն նահանգներից մեկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կոնգրեսական Փելոնը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացներով: