Ռուսաստանի Կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ երկրների Ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագրի նախագծին. այս բուհի հիմնական նպատակներն են դառնալու կադրերի պատրաստումն ու համատեղ գիտական և գիտատեխնիկական նախագծերի իրագործումը։
Համալսարանի գործունեությունն ապահովելու է համակարգող խորհուրդը, որի կազմում մտնելու են համաձայնագրի մասնակից պետությունների իշխանության մեկական ներկայացուցիչ, որոնք լիազորված են լինելու որոշումներ ընդունել։
«ԱՊՀ Ցանցային համալսարանը Համագործակցության բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասար համագործակցություն է բարձրագույն կրթության ոլորտում, որն իրականացվում է կրթական կազմակերպությունների կոնսորցիումի ձեւաչափով։ Ներկայումս կոնսորցիումի մեջ են մտնում 38 համալսարաններ՝ ԱՊՀ ինը երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից»,- նշվում է հաղորդագրությունում։
ԱՊՀ Ցանցային համալսարանում ուսուցումը տարվում է մագիստրատուրայի ծրագրերով. ուսանողը սովորում է ստացիոնար հիմքով մեկ տարի իր բուհում և մեկ տարի՝ այլ երկրի բուհում և ուսուցման արդյունքներով ստանում է երկու դիպլոմ։ Համալսարանում ուսուցումը տարվում է 31 մասնագիտությամբ, այդ թվում՝ իրավագիտություն, մենեջմենթ, էկոնոմիկա, միջազգային հարաբերություններ, նավթագազային գործ, միջուկային ֆիզիկա, շինարարություն, ռադիոտեխնիկա և այլն։