ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2020 թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստը. այն կոչված է համակարգելու 10 տարին մեկ անգամ մարդահամարի անցկացման հանձնառությունը, որը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է դեռևս 1999 թ. ընդունված «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքով:
«Մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու մարդահամարի անցկացման բարձր որակը և հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը»,- նիստի ընթացքում նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նիստի ընթացքում Ավինյանը հայտարարել է, որ մշակված մեթոդաբանությունը և դրա տեխնոլոգիական լուծումները փորձարկելու նպատակով իրականացվելու է փորձնական մարդահամար Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։
Տիգրան Ավինյանը վիճակագրական կոմիտեի նախագահին հանձնարարել է անձնական հսկողության տակ պահել փորձնական մարդահամարի որակյալ անցկացումը և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն: